Վերջին երեք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրորդ անգամ խաղարկվեց մադրիդյան դերբի: Դերակատարները նույնն էին՝ «Աթլետիկոն» ու «Ռեալը», արդյունքը նույնն է՝ դարձյալ հաղթեց «արքայականը»: Կողմերի վերջին այս երկու հանդիպումներին հընթացս դեռ շատ կանդրադառնանք, սակայն առայժմ ամենագլխավորը՝ եթե երկու տարի առաջ Լիսաբոնում ամեն ինչ հանգուցալուծվեց լրացուցիչ ժամանակում, ապա Միլանում հետխաղյա տասնմեկմետրանոցների օգնությանը դիմելու անհրաժեշտություն եղավ:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԵՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԱՆԻ
Լիսաբոնում, պիտի որ հիշեք, ամեն ինչ հօգուտ «Աթլետիկոյի» էր ծավալվում, մինչև որ եղավ մրցավարի հավելած ժամանակում Սերխիո Ռամոսի փրկարար գոլը, իսկ լրացուցիչ ժամանակում «արքայականն» արդեն իրենն արեց: Երեք անպատասխան գնդակը հաշիվը դարձրեց 4:1, ինչն ավելի քան տպավորիչ էր:
Երկու տարի անց կողմերի առանցքային այս հանդիպումում Ռամոսը կրկին հիշեցրեց իրեն: Շնորհիվ այս բացառիկ տաղանդավոր ֆուտբոլիստի գոլային հոտառության, «Ռեալը» հաշվի մեջ արագ առաջ անցավ: Ինչ խոսք, որ սրանում մրցավարի աններելի վրիպումն առկա էր (դարպասը գրավվել է խաղից դուրս վիճակից), բայց արդեն եղել էր այն, ինչ եղել էր:
Հանուն ճշմարտության ասենք, որ անգլիացի Մարկ Կլատենբուրգն ինքն իրեն ուղղելու հնարավորություն տվեց, սակայն արդեն նրա մեղքը չէր, որ կասկածելի տասնմեկմետրանոցը չկարողացավ իրացնել Գրիզմանը, ով, ի դեպ, անցած տարվա հոկտեմբերին կողմերի ներքին առաջնության խաղում դարձյալ չկարողացավ տասնմեկմետրանոցից հասնել հաջողության: Եվ այնուամենայնիվ, «Աթլետիկոն» իր հասանելիք գոլը խփեց, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակահատված:
Լրացուցիչում կողմերը գոլ խփելու հավասար հնարավորություն ունեին, սակայն հնարավորություն ունենալը մի բան է, իրացնելը՝ մեկ այլ բան: Մնում էր ապավինել ավելի շատ ռուսական ռուլետկան հիշեցնող տասնմեկմետրանոցներին: Անտուան Գրիզմանն այս անգամ իրեն արդարացրեց, ինչպես որ արդարացնում էր գնդակին մոտեցող ցանկացած ոք: Ողջ խաղը փայլուն անցկացրած երկու թիմերի դարպասապահներն էլ անզոր էին ոսկերչական հարվածներ կատարողների առաջ:
«Աթլետիկոյից» գնդակին մոտեցող չորրորդ ֆուտբոլիստը Խուանֆրանն էր, ում փոխանցումից հետո էլ հավասարեցվել էր խաղի հաշիվը: Ճակատագրի կամոք հենց նա էլ վրիպեց, իսկ ողջ հանդիպման ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկած Ռոնալդուն, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության մինչ եզրափակիչը կայացած 11 խաղում 16 գոլ ու 4 գոլային փոխանցում էր հեղինակել, եղավ անկասելի: Հանգամանքների բերումով տաղանդավոր պորտուգալացու այս գոլը եղավ վճռորոշ:
Լիներ այն իրացված խաղի բուն ժամանակահատվածում, Ռոնալդուն կդառնար մեկը, ով Չեմպիոնների լիգայի երեք եզրափակչում էլ գոլ հեղինակած կլիներ: Սա հարցի վիճակագրական կողմն է, սակայն հաշվի առնելով տասնմեկմետրանոցից գրավածի բացառիկությունը՝ հաղթականությունը, նա ֆուտբոլի պատմության մեջ միշտ կմնա մեկը, ում երրորդում չխփելն այս տասնմեկմետրանոցով հա էլ կդիտարկվի հաղթական առումով: Այնպես որ նա իր տեղը պատմության մեջ ապահովեց նաև այս կտրվածքով: Չորրորդ անգամ անընդմեջ ու կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ (առաջինը եղել է «Մանչեստր Յունայթեդի կազմում) Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու:
ԳՈՀԱՑՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ
ՈՒ քանի որ եզրափակիչ հանդիպման մասին մեր խոսքը գնալով ավելի ու ավելի շատ վիճակագրական տարրերով հագեցած բնույթ է ստանում, փորձենք այն դարձնել ավելի ու ավելի հագեցած, մանավանդ որ, վիճակագրությունն էլ իր սիրահարներն ունի:
Մինչ այս հաղթանակը «Գալակտիկոսը» Չեմպիոնների լիգայի տասնակի գավաթակիր էր: Նույնքան անգամ գավաթակիր են եղել նաև «Միլանն» ու «Ինտերը», սակայն միասին վերցրած (համապատասխանաբար յոթ և երեք անգամ): Իհարկե, ուրիշ թիմեր էլ կան, որոնց եթե միասնաբար վերցնենք, նույնպես կլինեն հեղինակավոր այս խաղարկության տասնակի հաղթող: Սակայն այստեղ կա մի նուրբ պահ, որն էլ նկատի ունենալով ենք «Միլանն» ու «Ինտերը» համեմատության մեջ առնում «Ռեալի» հետ: Իտալական այս երկու հանրաճանաչ ակումբները ներկայացնում են Միլան քաղաքը: «Ռեալը», գիտեք, Մադրիդի ներկայացուցիչն է: Իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ հենց Միլանում «Ռեալը» գերազանցեց իտալական ակումբների միացյալ ցուցանիշը՝ Մադրիդն աշխարհում դարձնելով Չեմպիոնների լիգայի գավաթին ամենահաճախակի «բնակտարածք» հատկացրած քաղաքը: Սույն կտրվածքով լավագույն վեցյակում են նաև Բարսելոնը, Մյունխենը, Լիվերպուլը (հնգական անգամ), Ամստերդամը (չորս անգամ):
Մեկ այլ վիճակագրություն:
Մինչև այս եզրափակիչն աշխարհում վեց հոգի է եղել, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայում հաղթել թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ: Այդ շարքն սկսվում է Միգել Մունիոսով, ով հաղթական դուբլի հեղինակ է դարձել երկու որակում էլ, չորս դեպքում էլ այդ բանն անելով բացառապես «Ռեալի» հետ (1956, 1957 և 1960, 1966 թվեր):
Մունիոսին հաջորդում է Ջովանի Տրապատոնին՝ երկու անգամ որպես խաղացող (1963, 1969 թվեր, «Միլան»), մեկ անգամ որպես մարզիչ (1985 թիվ, «Յուվենտուս»):
Երրորդը հանրահայտ Յոհան Կրոյֆն է ամստերդամյան «Այաքսի» կազմում իր փայլուն խաղով (1971, 1972, 1973 թվեր. եթե տեսնում եք, սա, իր անընդմեջության մեջ, բացառիկ նվաճում է), բարսելոնյան իր նույնքան փայլուն մարզչական կարիերայով (1992 թիվ), որով էլ դրեց կատալոնյան հրաշք ակումբի ներկայիս հանրահայտ ձեռագրի հիմքը:
Կրոյֆին հաջորդում է նոր սկսվելիք մրցաշրջանից Մյունխենի «Բավարիայի» գլուխ անցած Կառլո Անչելոտին, ով ֆուտբոլիստի կարգավիճակում Չեմպիոնների լիգայի կրկնակի (1989, 1990 թվեր, «Միլան»), մարզչի կարգավիճակում եռակի գավաթակիր է (2003 և 2007 թվեր, «Միլան», 2014 թիվ, «Ռեալ»):
Անչելոտիի հետ նույն թվերին, որպես խաղացող, իտալական «Միլանում» աչքի է ընկել նաև Ֆրանկ Ռայկարդը, ով, որպես մարզիչ, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առանձնացել է «Այաքս» (1995 թիվ) ու «Բարսելոն» (2006 թիվ) ակումբներում ծավալած տպավորիչ գործունեությամբ:
Վեցերորդը 1992-ին «Բարսելոնի» կազմում ֆուտբոլիստի կարգավիճակում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր խաղարկության գավաթը ձեռքերում պահած Խոսեպ Գվարդիոլան է, ով «Բարսայի» կազմում, այս անգամ որպես մարզիչ, նույնն արել է նաև 2009 և 2011 թվերին:
2016-ի միլանյան եզրափակչից հետո այս հրաշալի վեցյակը համալրվեց նոր անդամով՝ «Ռեալը» գլխավորած Զինեդին Զիդանով, ով տասնչորս տարի առաջ այդ նույն «Ռեալի» կազմում կերտում էր ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի իր կենսագրությունը: Սակայն այս արդեն հրաշալի յոթնյակից Զիզուից զատ և ոչ մի մարզչի չի հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում (կես տարուց էլ պակաս է անցել գլխավոր մարզչի պարտականություններին) ակումբը հասցնել եվրոպական բարձունքի: Ասենք նաև, որ Զիդանը «արքայականը» մինչ ինքը գլխավորած ֆրանսիացի վեց մարզիչներից միակն է, որ թիմը հասցրեց եվրոպական ֆուտբոլի պառնաս: Կարիք կա՞ այսքանից հետո ասելու, որ նա ամրացրեց իր տեղը ակումբի գլխավորի պոստում:
Վիճակագրական այս անդրադարձերից նորից դառնանք միլանյան եզրափակչին:
ԱՆԿԵՂԾԱՑՈՒՄՆԵՐ
«Ես երազում էի այս մասին,- հանդիպման ավարտից հետո խոստովանել է Զիդանը: -Երբ նախագահը (նկատի ունի Պերեսին- Մ.Հ.) ինձ տվեց նման հնարավորություն, այս թիմի, նման տրամաչափի խաղացողների, նման տաղանդավոր ֆուտբոլիստների հետ ես ինչ-որ լուրջ բանի հասնելու հնարավորություն ունեի, ու մենք արեցինք դա: Ես երջանիկ եմ, որովհետև իմ կյանքը վաղուց կապված է այս մեծ ակումբի հետ՝ սկզբում որպես խաղացող, հետո որպես մարզչի օգնական, հիմա էլ որպես գլխավոր մարզիչ: Ես իսկապես հպարտ եմ, որ գտնվում եմ այս մեծ ընտանիքում: …Սերիան դասավորվեց հօգուտ մեզ,- անդրադառնալով հետխաղյա տասնմեկմետրանոցներին՝ նշել է ֆրանսիացին,- սակայն ամեն ինչ հեշտորեն կարող էր թեքվել հակառակ կողմը: Շնորհավորում եմ «Աթլետիկոյին» ու Սիմեոնեին: Նա մեծագույն մարզիչ է, ու ես, իհարկե, անչափ ուրախ եմ այս հաղթանակի համար: Կառլո Անչելոտին ասում էր ինձ, որ Չեմպիոնների լիգայում մարզչի որակում հաղթանակը ընդհանուր ոչինչ չունի խաղացողի որակում հաղթանակի հետ»:
«Սա (պարտությունը) ավելացրեց իմ ապրած տարիները,- ասել է Դիեգո Սիմեոնեն: -Հաղթանակի առթիվ նախ և առաջ կուզենայի շնորհավորել «Ռեալին»: «Սերուցքայինները» կրկին հաղթեցին մեզ: Մենք խաղը ոչ լավագույնս սկսեցինք, սակայն 20-25-րդ րոպեներից, խաղի կազմակերպման առումով, ուղղվեցինք: Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք հաշիվն արագ հավասարեցնել: Հասկանալի էր, թե ինչի էինք ձգտում: Մենք հարձակվում էինք մեծ ուժերով: Շանս երկու թիմերն էլ ունեին: Մենք կարողացանք հավասարությունը վերականգնել, իսկ օվերթայմում երկու թիմերն էլ հոգնատանջ էին եղել: Ոչ մեկը չի հիշում պարտվածներին, իսկ եզրափակչում երկու պարտությունը ձախողում է: Պետք է անցնել սրա միջով, բուժել վերքերը: Դա հեշտ չէ, սակայն իմ կյանքն էլ երբեք հեշտ չի եղել: Երեք տարում երկու եզրափակիչը հրաշալի ձեռքբերում է «Աթլետիկոյի» համար, սակայն դա ինձ երջանիկ չի դարձնում»:
«Ռեալի» պաշտպան ու թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ խաղային ժամանակում «Գալակտիկոսից» միակ գոլի հեղինակը, ճանաչվեց «Չեմպիոնների լիգա «2015-2016»-ի լավագույն խաղացող ու խոշոր հայտ ներկայացրեց «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու հարցում: Նա, ի դեպ, իրացրեց նաև հետխաղյա տասնմեկմետրանոցը, իսկ երկու տարի առաջ եղած եզրափակչում «Ռեալին» պարտությունից փրկած նրա գոլի մասին վերն արդեն նշել ենք:
«Հիասքանչ զգացում է, երեք տարում երկու հաղթանակ, -խաղավարտից հետո ասել է նա: -Պարգև էր ծանր մրցաշրջանի դիմաց: Մենք հասանք եզրափակիչ ու դարձյալ հաղթեցինք: Անհավանական է, անփոխանցելի է: Այս զգացողություններն իմ սրտում առանձնահատուկ տեղ կունենան: «Աթլետիկոն» հրաշալի էր խաղում: Այն փայլուն մրցաշրջան անցկացրեց, սակայն ֆուտբոլի բնույթն այնպիսին է, որ երկու թիմն էլ միաժամանակ չեն կարող հաղթել: Գավաթը, բարեբախտաբար, մենք ենք տուն տանում: Ցնցող զգացումներ ես ապրում, երբ, լինելով մոլորակի լավագույն թիմի անդամ, գավաթը ձեռքերումդ ես պահում, ու սա թիմի ավագի որակում իմ առաջին տարին է: Առաջին անգամ միշտ էլ առանձնահատուկ է: Լիսաբոնյան տրիումֆն անհավանական էր խաղի սցենարի ու արդյունքի առումով: Ներկայինս նույնպես ֆանտաստիկա է ու միշտ կմնա իմ հոգում: Ինչ վերաբերում է Զիզուին, առաջին իսկ օրից նա թիմ բերեց համեստություն, աշխատանք ու վճռականություն: Մարզչին փոխելը եղավ անչափ կարևոր: Մեզ տվեց այն, ինչ նախկինում չունեինք: Մեր հաղթանակը վաստակած է, ու լավ է, որ այն մենք տոնում ենք միասին: Զիզուի գալով շատ բան փոխվեց: Հանդերձարանում իրավիճակը դարձավ լավը, մենք դարձանք վճռական: Բենիտեսի հետ էլ ենք հաճելի րոպեներ ապրել: Այստեղ ինչպես ընտանիքում է. երբեմն բոլորն իրար հետ լեզու են գտնում, երբեմն՝ ոչ: Մենք հաջողության հասանք շնորհիվ մեր ձգտումների, աշխատանքի ու լավատեսության»:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եզրափակչից հետո անմիջապես ակնարկել է, որ Զիդանի ու Ռոնալդուի հետ պայմանագրերը կերկարացվեն. «Զիդանը չափազանց կարևոր է ինձ, Մադրիդի ու նրա պատմության համար: Նա հաղթել է խաղացողի, մարզչի ընթերակայի ու գլխավոր մարզչի որակում: «Ռեալի» ու Զիդանի սիրո պատմությունը կշարունակվի: Ռոնալդո՞ւն: Ես կարծում եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնության պատճառով հաջորդ շաբաթ մենք չենք կարողանա երկարաձգել պայմանագիրը: Սակայն ես ուզում եմ, որ նա այստեղ ընդմիշտ մնա»:
Ինչ վերաբերում է աստղային պորտուգալացուն, նա խոստովանել է, որ ունեցել է հաղթական գոլի հեղինակ դառնալու զգացողություն. «Զիդանին ասացի, որ ինձ մինչև խաղավարտի վերջին րոպեն դաշտում թողնի: Դա հրաշալի խաղ էր, ու ես Չեմպիոնների լիգայում հաղթեցի երրորդ անգամ: Պարզապես երազանք էր»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ